ԱՄՆ-ը «բաց» է ռուսական նավթագազային ոլորտի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշռադատում է դրա հնարավոր ազդեցությունը համաշխարհային շուկաների եւ ԱՄՆ-ի էներգակիրների գների վրա։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը «բաց» է ռուսական նավթագազային ոլորտի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար։  

«Մենք դա դիտարկում ենք։ Սեղանին շատ բան կա, բայց մենք պետք է կշռադատենք, թե ինչպիսին կլինեն բոլոր հետեւանքները»,- ասել է նա MSNBC-ին տված հարցազրույցում: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ կարող է արգելափակել ռուսական նավթը, եթե Մոսկվան շարունակի Կիեւի դեմ իր ագրեսիան։  

Նավթի գները հասել են ութ տարվա առավելագույնին` հասնելով բարելի դիմաց 113,02 դոլարի: 

Միեւնույն ժամանակ, ՕՊԵԿ+-ի նավթ արտադրողները ծրագրում են հավատարիմ մնալ արդյունահանման չափավոր աճին, համաձայն ծրագրի նախագծին, որին ծանոթացել է Reuters-ը։

«Մենք նաեւ դիտարկում ենք․․․․ինչպես կարող ենք առավելագույնի հասցնել ազդեցությունն ու ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ֆինանսական հատվածի վրա…»,- ասել է Փսակին: