Եթե հետեւենք տարածաշրջանային իրադարձություններին եւ փոփոխություններին եւ առաջնորդվենք միայն դրանով, երբեք որեւէ փոփոխություն չի լինի։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովի նիստում կառավարության հարցուպատասխանի ժամին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։
Պատգամավորը, մասնավորապես, անդրադարձավ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Անցյալ շաբաթ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գործառույթներն այսօրվա դրությամբ ժամանակավորապես դրվել են ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա»,- հիշեցրեց Աբրահամյանը։
Սրա հետ կապված՝ պատգամավորը հետաքրքրվեց, թե որքանով է նպատակահարմար փոխել բանակի հրամանատարությունը, հատկապես անվտանգության խնդիրներին առնչվող լուրջ մարտահրավերների ֆոնին։ Տվյալ դեպքում խոսքը Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին է։
Պապիկյանն, ի պատասխան, վստահեցրեց, որ բոլոր նորանշանակներն «իրենց տեղերում են»։
«Բարեփոխումների հիմնական խնդիրներից մեկը մոտիվացված հրամանատարական կազմի ձեւավորումն է»,- ասաց նախարարը։











