Ռուսաստանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) տեղեկացրել է, որ իր զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի շրջակա տարածքը, հայտարարել է գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։

«Մարտի 1-ին գլխավոր տնօրենին ուղղված պաշտոնական նամակում Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունը նաեւ հայտնել է, որ կայանի անձնակազմը շարունակում է աշխատել միջուկային անվտանգության եւ ռադիացիոն վերահսկման բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ: Ճառագայթման մակարդակը մնում է նորմալ»։

Ավելի վաղ, մարտի 1-ին, Ուկրաինան ԱԷՄԳ-ին հայտնել էր, որ իր բոլոր ատոմակայանները մնացել են ազգային օպերատորի հսկողության տակ։ Այսօր առավոտյան Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը հայտնել է, որ կապ է պահպանում երկրի միջուկային օբյեկտների հետ, եւ որ ատոմակայանները շարունակում են սովորական ռեժիմով աշխատել։

Զապորոժիեի ԱԷԿ-ը Ուկրաինայի ամենամեծ ատոմակայանն է, այնտեղ է երկրի ատոմային էներգիայի 15 ռեակտորներից 6-ը։

Գլխավոր տնօրենին ուղղված նամակում, որը ստացվել է մարտի 1-ին, Միջուկային կարգավորման պետական գործակալության գլխավոր պետական տեսուչի պաշտոնակատարը խնդրել է ԱԷՄԳ-ին անհապաղ աջակցություն ցուցաբերել Չեռնոբիլի ատոմակայանի եւ այլ միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման հետ կապված գործողությունների համակարգման հարցում։ Գլխավոր տնօրենը խորհրդակցություններ կանցկացնի եւ կապ կպահպանի այս խնդրանքը բավարարելու համար:

ԱԷՄԳ-ը շարունակում է ուշադիր հետեւել Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով երկրի միջուկային էներգիայի ռեակտորների անվտանգությանն ու հուսալիությանը: ԱԷՄԳ-ը մշտական կապի մեջ է իր գործընկերոջ հետ եւ կշարունակի պարբերաբար թարմ տեղեկատվություն տրամադրել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: