Nord Stream 2 AG-ն սնանկության հայց չի ներկայացրել:

«Մենք չենք հաստատում ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ «Հյուսիսային հոսք 2»-ը սնանկության հայց է ներկայացրել։ Ընկերությունը տեղական իշխանություններին տեղեկացրել է միայն, որ ստիպված է խզել աշխատակիցների հետ պայմանագրերը ընկերության նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումից հետո»,- ասվում է Nord Stream 2 AG-ի մեկնաբանության մեջ: 

Ընկերությունը, որը տեղակայված է Շվեյցարիայի Ցուգ քաղաքում, քննարկում է սնանկության հայց ներկայացնելու հնարավորությունը։ Այս մասին ավելի վաղ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրները։ 

Ավելի վաղ Ցուգի կանտոնի տնտեսության հարցերով տնօրեն Սիլվիա Թալմանն ասել է, որ գործընթացը չի գործարկվել։ «Մենք գիտենք, որ Nord Stream 2-ը բախվել է վճարման հետ կապված հսկայական դժվարությունների, սակայն մինչ այժմ սնանկության հայց չի ներկայացրել Ցուգի առեւտրային ռեգիստրում»,- ասել է նա։