Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին հայկական կողմի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չկա։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Նրա խոսքով, իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում։

«Աշխարհը փոխվում է ամեն օր եւ ամեն վայրկյան։ Հենց ժամկետները մոտենան, համապատասխան որոշում կկայացնենք»,- ասաց Միրզոյանը։ Միաժամանակ ԱԳ նախարարը դրական գնահատեց փետրվարի 24-ին Վիեննայում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման արդյունքները։ «Կողմերը հաստատել են, որ բանակցային գործընթացը տեղի է ունենում առանց որեւէ նախապայմանի, եւ որ վերջնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է ու սահմանի բացումը»,- ասաց դիվանագետը։ Նա նաեւ հայտնեց, որ ի տարբերություն առաջին հանդիպման, բանակցությունների երկրորդ փուլն ավելի կոնկրետ մանրամասներ է պարունակել։

«Միեւնույն ժամանակ երկրորդ հանդիպումից բավական դժվար է ավելի շոշափելի արդյունք ակնկալելը։ Պետք է հաշվի առնենք գոնե այն, որ տասնամյակներով կուտակված խնդիրներ պետք է լուծենք»,- ասաց նախարարը։

Նախարարը նշեց, որ հատուկ ներկայացուցիչների նոր հանդիպման ժամկետների եւ տեղի վերաբերյալ դեռ որոշում չկա։

Հիշեցնենք, որ համաժողովը նախատեսված է մարտի 11-13-ը։