ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը միտումնավոր հարվածներ է հասցնում Ուկրաինայում խաղաղ բնակչությանը, սակայն դա չի անվանել ռազմական հանցագործություն։

«Ակնհայտ է, որ նրանք թիրախավորում են խաղաղ բնակիչներին»,- ասել է Բայդենը։ Հարցին, թե կարծում է արդյոք նա, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարում, Բայդենը պատասխանել է. «Մենք շատ ուշադիր հետեւում ենք դրան: Դեռ վաղ է այդ մասին խոսել»:

Բայդենը նաեւ հաստատել է, որ ռուսական նավթի արտահանման դեմ պատժամիջոցներ դեռեւս հնարավոր են, թեեւ պաշտոնյաները նախազգուշացրել են, որ կաշխատեն նվազագույնի հասցնել նման քայլի ազդեցությունը ԱՄՆ-ում եւ աշխարհում նավթի համաշխարհային գների վրա: «Ոչինչ քննարկման շրջանակներից դուրս չէ»,- ասել է Բայդենը։

Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ինքը պետք է որոշի, թե ուզում է արդյոք մնալ իր երկրում։ «Կարծում եմ, որ դա նրա որոշումն է, եւ մենք հնարավոր ամեն ինչ անում ենք նրան օգնելու համար»,- ասել է Բայդենը:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը Զելենսկու հետ քննարկել է չնախատեսված հանգամանքների դեպքում պլանները՝ կապված Ուկրաինայից նրա հեռանալու կամ Լվով տեղափոխվելու հետ: Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ կմնա մայրաքաղաքում։