Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացնում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։

«Վրաստանի կառավարությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, շտապ կերպով արդեն պատրաստում է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտը, որը վաղը կներկայացվի ԵՄ կառույցներին։ Մենք կոչ ենք անում ԵՄ-ին շտապ կարգով քննարկել դիմումը եւ որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ նախատեսում է 2024թ․ Եվրամիությանը լիիրավ անդամակցության հայտ ներկայացնել։ Կոբախիձեի խոսքով, իրենք որոշել են արագացնել այս գործընթացը՝ «հաշվի առնելով քաղաքական ենթատեքստն ու նոր իրողությունները»։

Վրաստանի իշխանություններն այս հայտարարությունը արել են այն բանից հետո, երբ Ուկրաինան փետրվարի 28-ին Եվրամիությանն արագ կարգով անդամակցելու հայտ էր ներկայացրել։

Ներկայումս ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունեն հինգ երկրներ՝ Հյուսիսային Մակեդոնիան (հայտը ներկայացրել է 2004թ.), Ալբանիան (2009թ.), Սերբիան (2009թ.), Թուրքիան (1987թ.) եւ Չեռնոգորիան (2008թ.):