ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող բանաձեւին եւ ռուսական զորքերն անհապաղ դուրս բերելու կոչ է արել:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստում 193 անդամ երկրներից 141-ը կողմ է քվեարկել բանաձեւին, 35-ը ձեռնպահ է մնացել, 5-ը դեմ է քվեարկել։
Դեմ են քվեարկել Բելառուսը, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Ռուսաստանը եւ Սիրիան։ Ձեռնպահ քվեարկողների թվում են Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Հայաստանը, Պակիստանը, Իրանը, Իրաքը, Կուբան, Ղրղըզստանը, Վիետնամը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Նիկարագուան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը։
Թուրքիան կողմ է քվեարկել։
Բանաձեւում, որի համահեղինակները 94 երկրներ են, ասվում է, որ ՄԱԿ-ը «ամենավճռական կերպով դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիան Ուկրաինայի դեմ»։ Այն պահանջում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը անհապաղ դադարեցնի ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ» եւ «անհապաղ, ամբողջությամբ եւ անվերապահորեն դուրս բերի իր բոլոր զինված ուժերը»։
Բանաձեւը պարտադիր իրավաբանական ուժ չունի, սակայն ՄԱԿ-ի անդամների տեսակետների արտահայտությունն է՝ ուղղված Մոսկվայի եւ նրա դաշնակից Բելառուսի վրա ճնշումը մեծացնելուն։
Քվեարկությունից հետո ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը հայտարարել է, որ բանաձեւը հաշվի չի առնում իրավիճակի պատմությունն ու բարդությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, այս արտահերթ նստաշրջանում քվեարկության դրված բանաձեւի նախագիծը չներկայացվեց բոլոր անդամ երկրների հետ խորհրդակցությունների համար։ Այն նաեւ հաշվի չի առնում ներկայիս ճգնաժամի պատմությունն ու բարդությունը»,- քվեարկությունից հետո ասել է մշտական ներկայացուցիչը։ Բացի այդ, դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ փաստաթուղթը հաշվի չի առնում «անվտանգության անբաժանելիության սկզբունքը կամ քաղաքական լուծմանը նպաստելու անհրաժեշտությունը»։ «Այս ամենը հակասում է մեր հետեւողական դիրքորոշմանը, ուստի մենք այլ ելք չունեինք, քան ձեռնպահ մնալը»,- եզրափակել է նա։ «Չինաստանը եւս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանը հավատարիմ մնալ քաղաքական լուծման ընդհանուր գծին եւ ներգրավված կողմերի միջեւ ուղիղ երկխոսության համար մթնոլորտի եւ պայմանների ստեղծմանը»:





























