ԱՄՆ-ը, դաշնակիցների ու գործընկերների հետ համաձայնեցնելով, լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ։

Սպիտակ տունը հայտնում է, որ Միացյալ Նահանգները միջոցներ կձեռնարկի, որպեսզի «Բելառուսին պատասխանատվության ենթարկի այն բանի համար, որ նա թույլ է տվել Պուտինին ներխուժել Ուկրաինա, կթուլացնի Ռուսաստանի պաշտպանական հատվածը եւ նրա ռազմական հզորությունը երկարաժամկետ հեռանկարում, կթիրախավորի Ռուսաստանի հարստության ամենակարեւոր աղբյուրները եւ կարգելի ռուսական ավիաընկերությունների թռիչքները ԱՄՆ օդային տարածքում»։

Նոր միջոցառումների թվում են.

• Բելառուսի նկատմամբ տեխնոլոգիական ապրանքների ներմուծումը դադարեցնելու լայն սահմանափակումները: «Առեւտրի նախարարությունը Ռուսաստանի համար սահմանած արտահանման վերահսկողության խիստ քաղաքականությունը կտարածի նաեւ Բելառուսի վրա։ Այս գործողությունը կօգնի կանխել Բելառուսի միջոցով ապրանքների, տեխնոլոգիաների եւ ծրագրային ապահովման վերաուղղումը դեպի Ռուսաստան եւ էապես կնվազեցնի իրենց ռազմական ագրեսիան աջակցելու եւ հզորությունն ավելացնելու երկու երկրների կարողությունը։

• Ռուսական պաշտպանական ձեռնարկությունների դեմ լիովին արգելափակող պատժամիջոցները։ «Պետդեպարտամենտը լայնածավալ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ՝ Պուտինի ռազմական մեքենան էլ ավելի սահմանափակելու համար: Այս գործողությունը զգալի ծախսեր կառաջացնի ռուսական այն ընկերությունների համար, որոնք զբաղվում են զենքի մշակմամբ եւ արտադրությամբ։ Ընդհանուր առմամբ, ցուցակում կներառվեն 22 ռուսական պաշտպանական ձեռնարկություններ, որոնց թվում են՝ մարտական ինքնաթիռներ, հետեւակի մարտական մեքենաներ, էլեկտրոնային պատերազմի համակարգեր, հրթիռներ եւ ռուսական զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունները»։

• Ռուսաստանի եւ Բելառուսի զինված ուժերին աջակցող կազմակերպությունների հետապնդումը։ Առեւտրի նախարարությունը, համաձայնեցնելով իր միջգերատեսչական գործընկերների հետ, «սեւ ցուցակում» կավելացնի այն կազմակերպություններին, որոնք մասնակցել, նպաստել կամ այլ կերպ աջակցել են Ռուսաստանի եւ Բելառուսի անվտանգության ծառայություններին, ռազմական եւ պաշտպանական ոլորտներին եւ/կամ ռազմական եւ պաշտպանական հետազոտություններին եւ մշակումներին։ Այս գործողությունները երաշխավորում են, որ ռազմական, ինչպես նաեւ օդատիեզերական, ծովային եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները չեն ստանա ամերիկյան տեխնոլոգիական ապրանքներ եւ տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել ռուսական տեխնիկական սպասարկմանը եւ նորարարություններին աջակցելու համար:

• Ռուսական օդանավերի համար ԱՄՆ ներքին օդային տարածքի մտնելու ու օգտագործելու արգելքը։ Ինչպես հայտարարել է նախագահը, Միացյալ Նահանգները կփակի ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար՝ ավելի մեկուսացնելով Ռուսաստանին եւ լրացուցիչ ճնշում գործադրելով նրա տնտեսության վրա։ Սա ներառում է Ռուսաստանի հետ կապված ցանկացած անձի կողմից հավաստագրված, շահագործվող, գրանցված կամ վերահսկվող օդանավերը: Դա նշանակում է, որ ռուսական բոլոր ավիաընկերությունները, ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնատար, կզրկվեն ԱՄՆ-ի տարածք եւ այնտեղից թռիչքներ կատարելուց: