Հունգարիան վետո չի դնի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վրա, հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը։

Այս շաբաթ Հունգարիան միացել է ԵՄ ութ առաջնորդների՝ կազմակերպությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու նախաձեռնությանը, բայց Հունգարիան, որը ՆԱՏՕ անդամ է, արգելել է զենքի տարանցումն Ուկրաինա իր երկրի տարածքով։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, մենք դրանց վրա վետո չենք դնի։ Մենք չենք խանգարի ԵՄ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնել։ Այժմ ԵՄ միասնությունն առաջնահերթ նշանակություն ունի»,- ասել է Օրբանը։

mandiner.hu լրատվական կայքի հարցազրույցում Օրբանն ավելացրել է, որ Հունգարիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ մինչեւ վերջերս «հավասարակշռված էին եւ արդարացի», բայց հիմա ամեն բան փոխվել է։ «Պատերազմի սկսվելը նոր իրավիճակ է ստեղծել նաեւ Հունգարիայի համար»,- ասել է Օրբանը։ «Մենք պետք է ճշտենք Հունգարիայի նպատակները եւ հունգարական շահերը այս նոր իրավիճակում»։

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի հարձակումը, քանի որ նա պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Կողմերը պետք է որքան հնարավոր է արագ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Ամբողջ Եվրոպան պետք է աշխատի հանուն խաղաղության»։

Ընդ որում՝ Օրբանն ավելացրել է, որ Ռուսաստանի հետ էներգետիկ կապերը խզելու ոչ մի պատճառ չկա, ներառյալ 12,5 մլրդ եվրո արժողությամբ գործարքը «Ռոսատոմ»-ի հետ՝ հունգարական «Պակշ» ԱԷԿ-ի ընդլայնման վերաբերյալ, որին բաժին է ընկնում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ կեսը։

«ԵՄ ղեկավարները նաեւ հայտարարել են, որ պատժամիջոցները չեն կարող ազդել Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների վրա, որովհետեւ դա կքայքայի եվրոպական տնտեսությունը»,- ասել է Օրբանը։ «Նույնը վերաբերում է նաեւ «Պակշի» ընդլայնման նախագծին։ Առանց «Պակշի» մենք ստիպված կլինենք էլ ավելի շատ ռուսական գազ ներմուծել՝ էլ ավելի բարձր գնով»։

Անցած տարի Հունգարիան նոր երկարաժամկետ համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանից գազի ներմուծման մասին, որով նախատեսվում է տարեկան 4,5 մլրդ խորանարդ մետր բնական գազի ներմուծում Ուկրաինան շրջանցող երթուղով։

Օրբանը նաեւ ասել է, որ Եվրոպային անհրաժեշտ է ուժեղ ռազմական եւ պաշտպանական արդյունաբերություն, քանի որ նա այլեւս չի կարողանա հենվել միայն Միացյալ Նահանգների վրա իր անվտանգության հարցերում։

«Ամերիկացիները այդ հարցում ավելին են դնում, քան մենք։ Սա պետք է փոխվի, եւ մենք պետք է ի վիճակի լինենք ապահովելու եվրոպական անվտանգությունը սեփական միջոցներով՝ պահպանելով դաշինքը ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա։ «Այս մարտահրավերը ենթադրում է ռազմական ծախսերի էական ավելացում։ Այսինքն՝ բյուջեի դեֆիցիտը եւ պետական պարտքը կրճատելիս մենք պետք է  բացառություն անենք պաշտպանական քաղաքականությունում»,- ասել է նա։