Պատերազմն Ուկրաինայում Իսրայելին հիշեցնում է, որ առաջիկա տարիներին նա նույնպես կարող է բախվել «բարդ սպառնալիքների», ինչպիսին են մարտական գործողությունները միաժամանակ մի քանի ճակատներում, կամ գոյաբանական սպառնալիքների, ինչպիսին է միջուկային Իրանը։ Այս մասին ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, տեղեկացրել է Jpost-ը։
«Դասը, որը մենք քաղում ենք [սրանից], այն է, որ ողջ աշխարհի երկրների հետ մեր ունեցած հարաբերությունների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների հետ ունեցած ռազմավարական հարաբերությունների կողքին, Իսրայելը պետք է իրեն ինքնուրույն պաշտպանելու հնարավորություն ունենա»,- նշել է նա։
Խոսելով ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Իսրայելի լռության հետ կապված քննադատության մասին՝ Գանցն ասել է, որ Իսրայելը պատրաստ է ընդլայնել տուժած երկրին ցուցաբերվող օգնությունը։ «Ցավոք, պատերազմները չեն վերացել աշխարհում»,- ասել է նա։ «Մենք տեսնում ենք բարդ եւ ցավագին մարտական գործողություններ Ուկրաինայում եւ անտարբեր չենք մնում։ Մենք հումանիտար օգնություն ենք ուղարկում, օգնում ենք տարհանել մեր քաղաքացիներին, ընդունում ենք ներգաղթյալներին ու փախստականներին եւ պատրաստ ենք ընդլայնել օգնությունն այնպես, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները եւ կյանքեր փրկվեն»։





























