Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը վստահեցնում է՝ նախագահի ընտրությունն ամբողջությամբ լեգիտիմ է:

«Այն կարծիքները, հրապարակումները, նաեւ ակտերը, որոնցով փորձ է արվում շղարշ գցել նախագահի ընտրության լեգիտիմության վրա, ցանկանում եմ ասել, որ ժողովրդի ձայնը ստացած ԱԺ ուժերն են ընտրում նախագահ, դրանով իսկ ապահովված է այսօրվա գործընթացի ամբողջ լեգիտիմությունը», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրները հայտարարում են, թե ընտրությունը լեգիտիմ չէ, Հակոբ Արշակյանն ասաց, թե նույն հաջողությամբ կարել է պնդել, որ իշխանությունները լեգիտիմ չեն, որովհետև առանց կոալիցիայի, միանձնյա են կառավարում երկիրը. «Իշխանությունները ստացել են բավարար չափով քվեներ, որ թե ձեւավորեն կառավարություն, թե ընտրեն նախագահ, թե սահմանադրական օրենքներ ընդունեն: Լեգիտիմությունը որոշվում է ոչ թե այս կամ այն ընդդիմադիր ուժի հայտարարությամբ, այլ՝ ՀՀ Սահմանադրությամբ», - նշեց նա: