Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն այսօր՝ մարտի 3-ին անդրադաձավ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը իշխանությանը մեղադրել էր Արցախի 75 տոկոսը հանձնելու համար, ինչին շատ սուր արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին անվանելով «դավաճաններ ու թալանչիներ»:

«Մեր ընդդիմադիր գործընկերները մեզ մեղադրում են նրանում, որ մենք հանձնել ենք Արցախի 75 տոկոսը: Ըն որում ասում են՝ հայրենիք եք հանձնել, բառապաշարն այդպիին է: Կոնկրետ 7 շրջանի վերաբերյալ ամբողջ բանակցային գործթացը, փաստաթղթերով վկայությունները, նաեւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայտարարությունները այդ տարածքները հանձնելու մասին են եղել: Հիմա հարցը հետևյալն է՝ եթե այդպես է, ապա ինչո՞ւ նույն բառապաշարով չեն արտահայտվում ՀՀ նախկին նախագահների հասցեին», - նշեց նա:

Արշակյանի խոսքով՝ տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին մոլորության մեջ են փորձել գցել՝ իրենց վրայից գցելով պատասխանատվությունը բանակցությունների վարման գործընթացների ընթացքի, Արցախի հարցի վերաբերյալ:

«Գնացել են, բանակցել են մի բանի մասին, եկել են հանրությանը փորձել են կերակրել բոլորովին այլ թեզերով ու այդ առումով այն գործելաոճը, որը հիմա ԱԺ-ում տեսնում եք ընդդիմադիրների կողմից, շարունակությունն է մոլորության մեջ պահել հայ հասարակությանը», - նշեց ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանն ասաց, թե Հայաստանի Հանրապետության ամբողջ զարգացման տրամաբանությունը բերել, հասցրել է այն իրավիճակին, որ Հայաստանը չի կարողացել խուսափել պատերազմից, իսկ երբ լինում է պատերազմ, լինում են հաղթողներ ու պարտվողներ:

«Ասել, որ դավաճանություն է տեղի ունեցել, դա անկեղծ չէ ու մոլորեցնող է, որը տեղի է ունեցել ամբողջ 30 տարվա ընթացքում: Մարդկանց ասել, ամեն նորմալ է, բանակցային գործընթաց է գնում եւ կուլիսներում զբաղվել թալանչիությամբ, որի արդյունքները հիմա տեսնում ենք: Հիմա դատարանների որոշումներով, գույքերի վերադարձնելով այդ ամենն ապացուցվում է: Սրանք փաստեր են», - նշեց նա: