Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն աստիճանաբար կհարվածեն Մոսկվայի նավթային եկամուտներին՝ չնայած դրանք ուղղակիորեն ուղղված չեն ռուսական նավթի եւ գազի արտահանմանը, ասել է էներգետիկ քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը, հաղորդում է Reuters-ը։

ԵՄ-ն պատժամիջոցների մի քանի փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ Եվրոպայից վերամշակման որոշ տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ինչը դժվարացնում եւ թանկացնում է ռուսական նավթավերամշակման գործարանների արդիականացումը:

«Այդ տեխնոլոգիաները մշակվում են Եվրոպայում, մյուս վաճառողները չեն կարող հեշտությամբ դրանք տեղակայել ամբողջ աշխարհում»,- ասել է Սիմսոնը:

«Այդպես, մենք կտեսնենք, որ ժամանակի ընթացքում վերամշակված նավթից եկամուտները, որոնք 2019 թվականին Ռուսաստանին 24 միլիարդ եվրո եկամուտ են բերել, կնվազեն»,- ասել է նա:

Անցյալ տարի Ռուսաստանում նավթի եւ գազի վաճառքը երկրի ընդհանուր բյուջեի 36 տոկոսն էր կազմել, ինչն էականորեն գերազանցում է նախնական կանխատեսումները գների կտրուկ աճի արդյունքում:

Եվրոպան ներկրում է իր գազի 90 տոկոսը, մոտ 40 տոկոսը՝ Ռուսաստանից։

ԵՄ-ն հայտարարում է, որ այս ձմռանը կկարողանա հաղթահարել Ռուսաստան մատակարարման մասնակի խափանումը՝ հեղուկ բնական գազի ներմուծման ավելացման եւ պահեստավորման համեմատաբար լավ մակարդակի շնորհիվ: Սակայն Ռուսաստանից մատակարարումների ամբողջական կամ երկարատեւ դադարեցումը պահանջարկը նվազեցնելու համար արտակարգ միջոցառումներ կպահանջի, ինչպիսիք են գործարանների փակումը, կարծում են վերլուծաբանները: ԵՄ բոլոր երկրներն արտակարգ իրավիճակների պլաններ ունեն գազի մատակարարման ընդհատումների դեպքում: