Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) արտգործնախարարները խորապես մտահոգված են Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների հետեւանքով իրավիճակի սրման եւ հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ:
ԱԳՆ ղեկավարներն անհապաղ հրադադարի եւ քաղաքական երկխոսությունը շարունակելու կոչ են անում, որը կայուն խաղաղության կհանգեցնի Ուկրաինայում։ «Մենք ընդգծում ենք հրադադարի կարեւորությունը՝ ներկայիս ճգնաժամի կարգավորման եւ անմեղ մարդկանց տառապանքների ավելացման կանխմանն ուղղված բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Մենք հաստատում ենք մեր համոզմունքը, որ խաղաղ երկխոսության համար դեռ տեղ կա, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա եւ վերջ տրվի քաղաքացիական եւ զինվորականներ կորուստներին եւ զոհերին, ինչպես նաեւ՝ այն բացասական հետեւանքներին, որոնք զգացվում են ամբողջ աշխարհում։ Այս կապակցությամբ ՀԱԱՊԱ-ն պատրաստ է ամեն կերպ նպաստել խաղաղ երկխոսությանը շահագրգիռ կողմերի միջեւ»:
ՀԱԱՊԱ-ի կազմում 10 պետություն է՝ Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր, Թաիլանդ եւ Ֆիլիպիններ, Բրունեյ, Վիետնամ, Լաոս, Մյանմար եւ Կամբոջա:





























