Ես երբեք չեմ մասնակցել ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանին, րվհետեւ գիտեմ, որ ունենք մի անհավասարակշիռ մարդ, որը խոսում է  ինչի մասին ուզում է, որեւէ սահմանափակում չունի, ուղիղ տրված հարցին պատասխանում է  իր ուզած ոճով ու ձևով։ Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։

«Երեկ Ազգային Ժողովում ականատես եղանք խայտառակ, լկտի պահվածքի, որն ուղղակի անթույլատրելի է: Ոչ միայն երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից նման մտքեր արտահայտելը,  նման բառապաշար օգտագործելը, այլ առահասարակ դա յուրաքանչյուրի համար շատ ամոթալի պահվածք է։

Հարց են տալիս, թե հացահատիկի դեֆիցիտի ժամանակ ի՞նչ եք անելու, էս մարդը վեր է կենում, ասում՝ դուք էս եք, էն եք, թափ եմ տալու, չգիտեմ ինչ եմ անելու: Հիմա հարց է առաջանում, ինչ՞ւ վեր կացավ նման վարքագիծ դրսեւորեց: Նման պահվածքի համար մի քանի պատճառ կարող է լինել, օրինակ անհավասարակշիռ վիճակը կամ հետագա անհարմար հարցերին հստակ պատասխան չունենալը»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ԱԱԾ տնօրենի պաշտոնում ինչպես է աշխատել Փաշինյանի հետ, Վանեցյանն արձագանքեց՝ պաշտոնից հեռանալիս տարածած հայտարարության մեջ ամեն ինչ ասված է. «Ի՞նչ է, ես չէի գիտակցում, որ իմ հրաժարականով իմ վրա բերելու եմ մի մեծ ալիք: Դուք տեսաք իմ նկատմամբ հարուցված բազմաթիվ քրեական գործեր, որոնք հերթով կարճվում են հանցակազմի բացակայության հիմքով, տեսաք բազմաթիվ կեղծ հրապարակումներ, որոնց վերաբերյալ դատարանները հերթով բավարարում են իմ դիմումները, ստիպում են լրատվամիջոցներին, վարչապետի մամուլի խոսնակին հերքել իմ մասին հրապարակումները: Ես տեսել եմ, որ երկիրը տանում են կործանման, դրա համար հեռացել ենլ»,-ասաց Արթուր Վանեցյանը։