Ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված մեզ համար բոլոր տեսակի խնդիրների ու ռիսկերի գույքագրում է իրականացվում։ Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա՝ դրանց մի մասն իրականություն կդառնա, մի մասը՝ ոչ։ Նա նշեց, որ Ռուսաստան արտահանման ծավալների վերաբերյալ կառավարությունում տարբեր դիրքորոշումներ կան. ոմանք 40 տոկոս անկում են ակնկալում, իսկ դրա հետ չհամաձայնողներն իրենց կարծիքը հիմնավորում են Ռուսաստան բեռնափոխադրումների խնդիրներով։ «Դա նշանակում է, որ պահանջարկը զգալիորեն կաճի, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, ինչը կազդի Հայաստանի վերամշակող արդյունաբերության վրա։ Մենք հիմնականում սննդամթերք ենք արտահանում Ռուսաստան»,- ընդգծեց Քերոբյանը՝ հիշեցնելով, որ 2021 թվականին Ռուսաստան արտահանման ծավալը մոտ 800 մլն դոլար է կազմել:
Նախարարը վստահեցրեց, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի արտահանումը Ռուսաստան չտուժի՝ ջանքեր գործադրելով իրացման շուկաները դիվերսիֆիկացման մասով, օրինակ՝ Իրանի, Չինաստանի, արաբական երկրների ուղղությամբ։
«Կառավարության նիստի փակ մասում կքննարկվեն իրադարձությունների զարգացման տնտեսական սցենարները եւ հակազդելու մեր հնարավոր քայլերը։ Հարթակ է ստեղծվում, որտեղ մենք պետք է օպերատիվ քննարկենք իրավիճակը։ Առջեւում շատ անորոշություններ կան»,- եզրափակեց նա։











