Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը։ Այս մասին նա ասել է քաղաքացիներին ուղղված իր ուղերձում։ Նա նշել է, որ այսօր պատմական օր է, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նրա խոսքով՝ Եվրամիությանն ուղղված անդամակցության դիմումը եւս մեկ կարեւոր փուլ է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։
«Այսօր պատմական օր է Վրաստանի համար։ Ես երկրի անունից ստորագրում եմ ԵՄ-ին անդամակցության դիմումը։ Սա եւս մեկ կարեւոր քայլ է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Մի փուլ, որը նոր էջ է բացում մեր պատմության մեջ եւ շարունակում է մեր նախնիների ջանքերը, որոնք ուղղված էին միասնական եվրոպական ընտանիքում միավորվելու համար: Վրաստանը եվրոպական պետություն է։ Մեր երկիրն իր երկարամյա պատմության ընթացքում միշտ պատկանել է եվրոպական մշակույթի եւ քաղաքակրթության տարածքին եւ այսօր էլ արժեքավոր ներդրում ունի նրա պաշտպանության եւ զարգացման գործում»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ «եվրոպականությունը» ոչ այլ ինչ է, քան արժանիքների եւ արժեքների մի շարք, որոնցից կազմված է Եվրոպան։





























