Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հերթական հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի թեման, հինգշաբթի հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է մտքերի անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը նաեւ մանրամասն մեկնաբանել է Ուկրաինայի վերաբերյալ Մակրոնի ուղերձը՝ չհամաձայնելով ներկայացված շատ թեզերի հետ։

«Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Էմանուել Մակրոնի նշված ուղերձում ոչ մի խոսք չի ասվում ուկրաինական ղեկավարության կողմից յոթ տարի շարունակ Մինսկի համաձայնագրերի սաբոտաժի մասին, ինչպես նաեւ այն մասին, որ արեւմտյան երկրները եւ Ֆրանսիան բացարձակապես ոչինչ չեն արել, որպեսզի Կիեւին ստիպեն դրանք կատարել»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նշել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, «լռում են Դոնբասում խաղաղ բնակչության դեմ երկարատեւ ցեղասպանության մասին, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի եւ հարյուր հազարավոր մարդկանց ստիպել է ապաստան խնդրել Ռուսաստանում»։

Ռուսաստանի նախագահը նաեւ կոչ է արել իր ֆրանսիացի գործընկերոջը մասնակցել Ուկրաինայից օտարերկրացիների անվտանգ տարհանման ապահովմանը։

«Հաստատվել է հումանիտար սուր խնդիրների լուծման նպատակով օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելու ռուսաստանյան կողմի պատրաստակամությունը»,- ղեկավարների հեռախոսազրույցի բովանդակությունն է հայտնում ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ Նրա տվյալներով՝ Պուտինը Ֆրանսիայի նախագահին կոչ է արել միանալ Ուկրաինայի տարածքից օտարերկրյա քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու ջանքերին։ Միաժամանակ, ռուսական պետության ղեկավարը նշել է, մասնավորապես, Խարկովում հնդիկ ուսանողների մի մեծ խմբի մասին, որոնց ուկրաինական ուժայինները, ըստ էության, պատանդ են պահում։

«Էմանուել Մակրոնը խոստացել է համապատասխան աշխատանք տանել Կիեւի ղեկավարության հետ»,- նշել են Կրեմլում։

«Հատկապես ընդգծվել է, որ հատուկ գործողության ընթացքում, որն ընթանում է ըստ պլանի, ռուսական զինված ուժերն անում են հնարավոր ամեն ինչ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար»,- ընդգծել են Կրեմլում։ «Բարձր ճշգրտության զենքերն օգտագործվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար։ Կիեւի եւ ուկրաինական այլ քաղաքների իբր շարունակվող հրթիռային հարձակումների եւ ռմբակոծությունների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը եւ հակառուսական ապատեղեկատվական արշավի տարրեր են»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։