Մոսկվայի եւ Ադրբեջանի միջեւ հռչակագիրը ի վնաս ռուս-հայկական հարաբերությունների չի լինի՝ հաշվի առնելով նաեւ Երեւանի մասնակցությունը Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն նախագծերին եւ բարձր մակարդակով շարունակվող երկկողմ հարաբերությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը։
Նա նշեց, որ մի բան է կնքել այս կամ այն փաստաթուղթը, մեկ այլ բան՝ կոնկրետ բովանդակությամբ լցնել՝ հիշեցնելով, որ Հայաստանի հետ դաշինքի հռչակագիրը ստորագրվել է դեռ 2000 թվականին, եւ այն դրույթները, որոնք այնտեղ կային, իրականացվում էին:
Նրա խոսքով՝ Մոսկվայի համար ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը կարեւոր գործընկերներ են տարածաշրջանում, հատկապես՝ փոփոխվող իրավիճակի եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից:
Արեշեւը, որպես Մոսկվայի հավասարակշռված մոտեցման օրինակ, նշեց Փաշինյանի հրավերը Մոսկվա: «Ռուսաստանը կշարունակի առաջարկներ անել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության մասին: Այդ առաջարկների շրջանակներում կարող է համաձայնություն ձեռք բերվել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակելու վերաբերյալ։ Դրա համար երկխոսություն է անհրաժեշտ նաեւ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, այդ թվում՝ տնտեսական եւ հաղորդակցային համագործակցության հարցում։ Որքան կանխատեսելի լինեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այնքան դա դրականորեն կանդրադառնա ռուս խաղաղապահների պաշտպանության տակ գտնվող Ղարաբաղի վրա։ Ղարաբաղում ստատուս քվոն խարխլել ցանկացողները շատ կլինեն»,- ընդգծեց քաղաքագետը։





























