Daily Mirror-ի թագավորական բաժնի խմբագիր Ռասել Մայերսը կարծում է, որ արքայազններ Չառլզն ու Ուիլյամն արդեն ստանձնել են Մեծ Բրիտանիայի թագուհու պարտականությունների մի մասը, հաղորդում է Daily Express-ը։
Փորձագետի խոսքով՝ մինչ Եղիսաբեթ II-ը հիվանդ էր COVID-19-ով, նրա ավագ որդին՝ արքայազն Չառլզը, եւ թոռը՝ արքայազն Ուիլյամը, արձագանքում էին ընթացիկ իրադարձություններին։ Մասնավորապես, այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, առաջինը մեկնաբանել է Ուիլյամը։
«Կրկին նկատում ենք, որ եւ՛ Չառլզը, եւ՛ Ուիլյամը սկսում են խաղալ այն դերը, որը երկար տարիներ կատարում էր թագուհին»,- մեկնաբանել է Մայերսը։
2021թ․ հոկտեմբերի վերջին բժիշկները Եղիսաբեթ II-ին խորհուրդ են տվել հանգստանալ հանրային միջոցառումներից։ Դրանից հետո նա չեղարկել է այցը Հյուսիսային Իռլանդիա, հրաժարվել է Գլազգո ուղեւորությունից, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին, եւ գնացել է հիվանդանոց՝ հետազոտվելու։ 2022թ․ փետրվարին հաղորդվել է, որ թագուհին վարակվել է COVID-19-ով։





























