Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ որոշել է դադարեցնել համագործակցությունը ռուսական կազմակերպությունների հետ հետազոտությունների, գիտության եւ նորարարությունների ոլորտում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մենք որոշել ենք չշարունակել ռուսական կազմակերպությունների հետ հետազոտությունների եւ նորարարությունների գծով հետագա ծրագրերը: Միեւնույն ժամանակ, մենք հակված ենք ապահովել Ուկրաինայի բարեհաջող մասնակցության շարունակությունը Horizon Europe եւ Euratom Research and Training ծրագրերում»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի նորարարությունների, հետազոտությունների եւ կրթության գծով անդամ Մարիա Գաբրիելը:

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովում ձեռնարկվել են վարչական միջոցներ, որպեսզի ուկրաինացի գիտնականները կարողանան ստանալ ֆինանսավորում ԵՄ հետազոտական եւ նորարարական ծրագրերից:

Հաղորդվում է, որ Եվրահանձնաժողովը չի կնքի ո՛չ նոր պայմանագրեր, ո՛չ նոր համաձայնագրեր ռուսական կազմակերպությունների հետ Horizon Europe ծրագրի շրջանակում: Բացի այդ, Եվրահանձնաժողովը դադարեցնում է ռուսական կազմակերպություններին վճարների հատկացումը գործող պայմանագրերի շրջանակում:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրեթ Վեսթագերն այդ որոշումը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «ԵՄ-ի հետ հետազոտական համագործակցությունը հիմնված է ազատությունների եւ իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, որոնք ընկած են նորարարությունների հիմքում»: