«Ռոսկոսմոս» ընկերությունը մտադիր է իր ուշադրությունը ուղղել ռազմական եւ երկակի նշանակության արբանյակների ստեղծման վրա, իսկ Միացյալ Նահանգները անկեղծորեն խոսում է ամբողջ մերձերկրյա տարածությունում, ներառյալ Լուսնի ուղեծրից այն կողմ, պարեկություն սկսելու ծրագրերի մասին, գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով space.com-ին։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան (AFRL) նախաձեռնում է Cislunar Highway Patrol System (CHPS) ծրագրի մեկնարկը, հայտնել են աղբյուրները: Ծրագրի շրջանակում անհրաժեշտ կլինի մշակել զոնդի նախագիծ՝ Լուսնի ուղեծրի շրջանից դուրս եկող արտաքին տիեզերքում պարեկություն անելու համար: AFRL-ի մասնագետները մինչեւ մարտի 21-ը առաջարկներ կհավաքեն ընկերություններից եւ ակադեմիական հաստատություններից, իսկ մրցույթի հաղթողները հուլիսին հայտնի կդառնան։
«ԱՄՆ տիեզերական ուժերը երաշխավորում են տիեզերքի խաղաղ յուրացումը՝ ապահովելով մեր առաքելությունների անվտանգությունն ու պահպանվածությունը այս հեռավոր սահմաններում»,- ասվում է ծրագրի հայտարարության մեկնաբանությունում։
Մինչ այժմ ԱՄՆ տիեզերական ուժերը գործել են մինչեւ 35 400 կմ բարձրության վրա, սրանք գեոստացիոնար արբանյակների տեղակայման բարձրություններն են: CHPS ծրագրի ավարտին գործողությունների տարածքը 1000 անգամ կավելանա։ Արբանյակը կմշակվի AFRL-ի հսկողության ներքո եւ կփոխանցվի ԱՄՆ տիեզերական ուժերին՝ տիեզերքում դրա հնարավորություններն ուսումնասիրելու համար: Ամենայն հավանականությամբ, տիեզերական ռենջերների առաջին նախատիպը կօգտագործվի բացառապես հսկողության նպատակներով՝ առանց իր վրա որեւէ զենք կրելու։ Սակայն, ինչպես ցույց է տալիս ողջ երկրային պատմությունը, վաղ թե ուշ զենքն այնտեղ կհայտնվի։





























