Կիրակի գիշերը Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Երբ ընկերությունները դադարեցնեն բոլոր գործողությունները ՌԴ-ում, ռուսական բանկերի կողմից թողարկված քարտերը չեն գործի արտերկրում: Ռուսաստանում նաեւ չեն աշխատի քարտերը, որոնք թողարկված են օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների կողմից:
«Visa-ն ու Mastercard-ը հիմնավորում են իրենց որոշումն Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությամբ»,-նշում է տեղեկատվական գործակալությունը:
«Մենք ստիպված էինք քայլեր ձեռնարկել Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումից ու անընդունելի իրադարձություններից հետո, որոնց ականտեսն ենք: Մենք ցավում ենք այն աղդեցության համար, որը ցուցաբերում է այդ որոշումը մեր գործընկերների, հաճախորդների, վաճառողների, քարտապանների վրա, որոնց մենք սպասարկում ենք Ռուսաստանում: Այդ պատերազմն ու խաղաղության ու կայունության նկատմամբ շարունակվող սպառնալիքը ստիպում են մեզ արձագանքել՝ մեր արժեքների համաձայն»,-հայտարարել է Visa-ի ղեկավար Էլ Քելին:
«Հաշվի առնելով հակամարտության աննախադեպ բնույթն ու տնտեսական իրավիճակի անորոշությունը՝ մենք որոշել ենք դադարեցնել մեր ծառայությունները Ռուսաստանում»,-ասվում է Mastercard-ի հաղորդագրության մեջ:
Ընկերությունում ափսոսանք են հայտնել ռուսական շուկայից հեռանալու որոշման կապակցությամբ:
«Այդ որոշումը դժվարությամբ է կայացվել: Mastercard-ը Ռուսաստանում աշխատում է ավելի քան 25 տարի: Այդտեղ մենք շուրջ 200 գործընկեր ունենք, որոնց շնորհիվ մեր ընկերությունն այդքան կարեւորություն ունի բազմաթիվ շահագրգիռ կողմերի համար: Երբ տեղին լինի եւ եթե թույլատրվի օրենքով, մենք կօգտագործենք նրանց նվիրվածությունն ու ստեղծագործական մոտեցումը գործողությունները վերականգնելու ուղղությամբ աշխատանքի համար»,-հայտարարել են Mastercard-ում:
ՌԴ խոշորագույն բանկը՝ Սբերբանկը, պարզաբանել է, որ այդ որոշումը չի ազդի երկրի ներսում Visa-ի եւ Mastercard-ի աշխատանքի վրա: Քարտերը կգործեն, դրանցով հնարավոր կլինի կատարել գործողություններ Ռուսաստանի տարածքում՝ կանխիկացնել գումար, քարտի համարով փոխանցումներ կատարել, վճարել ինչպես օֆլայն, այնպես էլ ռուսական ինտերնետային խանութներում:
«Visa-ի եւ Mastercard-ի կողմից թողարկված քարտերով արտերկրում եւ արտերկրյա ինտերնետային խանութներում վճարումները կսահմանափակվեն: Մենք խորհուրդ ենք տալիս ռուսաստանցիներին, որոնք գտնվում են արտերկրում, նախապես կանխիկացնել բավականաչափ գումար եւ վճարել խոշոր ծախսերի դիմաց (հյուրանոց, տոմսեր),-նախազգուշացրել է Սբերբանկը:
Ռուսաստանի բանկը հաստատել է, որ Visa եւ Mastercard բոլոր քարտերը, որոնք թողարկվել են ռուսական բանկերի կողմից, շարունակում են գործել ՌԴ տարածքում սովորական ռեժիմով նախքան դրանց ժամկետի ավարտը:
Այնտեղ հավելել են, որ չի հաջողվի օգտվել արտերկրում Mastercard եւ Visa քարտերով, եւ վճարել պատվերներն օտարերկրյա ինտերնետային խանութներում: Արտերկիր մեկնելու դեպքում Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս օգտվել «Միր» ռուսական վճարային համակարգով երկրներում, որտեղ այն ընդունվում է (ՌԴ ԿԲ-ի հաղորդմամբ՝ դրանք են Թուրքիան, Վիետնամը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Հարավային Օսիան ու Աբխազիան):
Ռուսական վճարային համակարգի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ «Միր» քարտերն ընդունվում են Թուրքիայում, ԱՄԷ-ում, Վիետնամում, Հայաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Կիպրոսում:
Ալֆա բանկի գնահատմամբ՝ անջատման գործընթացը կտեւի առնվազն երեք օր: Նախքան այդ Mastercard եւ Visa քարտերը կշարունակեն անխափան աշխատել:





























