Կիրակի տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Դոնբասի պաշտպանությանն ուղղված հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ներկայացրել սկզբունքային մոտեցումներն ու գնահատականն այդ համատեքստում, մանրամասն պարզաբանել է առաջադրված հիմնական նպատակներն ու խնդիրները: Ընդգծվել է, որ հատուկ գործողությունն ընթանում է՝ ըստ պլանի եւ ժամանակացույցի:
Ընդ որում՝ ռուսական Զինված ուժերն անում են հնարավորինս ամեն ինչ խաղաղ բնակիչների կյանքերը փրկելու եւ անվտանգությունն ապահովելու համար, կետային հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ: Այդ ֆոնին հատուկ դաժանությամբ ու ցինիզմով են տարբերվում ազգայնականների, նեոնացիստական խմբավորումների գործողությունները, որոնք շարունակում են Դոնբասի ուղղությամբ գնդակոծությունն ու ուկրաինական քաղաքներում եւ բնակավայրերում քաղաքացիական անձանց, այդ թվում՝ օտարերկրացիներին օգտագործում՝ որպես «կենդանի վահան»:
Հաստատվել է ռուսական կողմի՝ Ուկրաինայի իշխանությունների եւ օտարերկրյա գործընկերների հետ երկխոսելու պատրաստակամությունը հակամարտությունը կարգավորելու նպատակով: Միեւնույն ժամանակ, նշվել է բանակցային գործընթացը հետաձգելու ցանկացած փորձերի անհեռանկարայնությունը, ինչն օգտագործվում է ուկրաինական ուժայինների կողմից իրենց ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար: Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ հատուկ գործողության դադարեցումը հնարավոր է միայն Կիեւի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու եւ Ռուսաստանի ներկայացրած հայտնի պահանջները կատարելու դեպքում:
Կողմերը հույս են հայտնել որ պլանավորվող բանակցությունների հերթական փուլի ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչներն ավելի կառուցողական մոտեցում կդրսեւորեն՝ լիարժեք հաշվի առնելով ստեղծվող իրողությունները:
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները փաստել են երկու երկրների դիվանագիտական ու ռազմական գերատեսչությունների գծով շփումները պահպանելու կարեւորությունը: Վլադիմիր Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը ռազմական գործողությունների շրջաններից թուրք քաղաքացիներին անվտանգ տարհանման համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու մասին:
Կողմերն ընդգծել են փոխշահավետ ռուս-թուրքական առեւտրատնտեսական համագործակցությունը շարունակելու հարցում երկկողմանի դիրքորոշումը:
Հատկանշական է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատական գնահատական է տվել մի շարք արեւմտյան երկրներում ռուսական մշակույթի եւ գործիչների նկատմամբ խտրական արշավներին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել սերտ շփումներ ապահովել տարբեր մակարդակներում»,-նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է Daily Sabbath թուրքական պարբերականը, Էրդողանն ասել է Ռուսաստանի առաջնորդին, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս արագ իր ներդրումն ունենալ Ուկրաինայի խնդիրների լուծման գործում խաղաղ միջոցներով:
«Ընդգծելով, որ անհապաղ հրադադարը ոչ միայն կթեթեւացնի տարածաշրջանում հումանիտար խնդիրները, այլ նաեւ հնարավորություն կընձեռի քաղաքական լուծումներ փնտրելու համար՝ Էրդողանը կրկնել է իր՝ «խաղաղության ուղին միասին հարթելու» վերաբերյալ կոչը:
Նախագահ Էրդողանն ընդգծել է հրադադարն ապահովելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու, հումանիտար միջանցքներ բացելու եւ խաղաղության մասին համաձայնագիր կնքելու կարեւորությունը:
Նշելով, որ գտնվում է ուկրաինական կողմի եւ այլ երկրների հետ մշտական շփման մեջ՝ Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել բազմակողմանի բանակցություններ անցկացնելու եւ արդյունքներ գրանցելու ուղղությամբ»,-գրում են թուրքական ԶԼՄ-ները:





























