Հայաստանում ցորենի պաշարների մասին տեղեկությունը գաղտնի է եւ ենթակա չէ հանրային հրապարակման։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ ցորենն այն ռիսկերից մեկն է, որը կարող է բխել ռուս-ուկրաինական ճգնաժամից։ «Բայց ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում դրա վրա: Ի վերջո, կան այլ խնդիրներ։ Միգուցե, դրանք շատ ավելի կարեւոր են, քան ցորենը»,- ասաց Աղաջանյանը։
Իր հերթին, նրա կուսակից Վահագն Ալեքսանյանը վստահեցրեց, որ էկոնոմիկայի նախարարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ նշված ռիսկերը կառավարելի դարձնելու համար։




























