Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ հիմնված միջազգային հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը:
«Ընդգծելով այս հարցում Հայաստանի կողմից կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու կարեւորությունը, մենք հույս ունենք, որ Ֆրանսիան կաջակցի տարածաշրջանում խաղաղ օրակարգին»,- ասել է Ալիեւը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Փաստացի Ադրբեջանի նախագահը պատրաստ է խաղաղության՝ առաջնորդվելով բացառապես ընտրովի սկզբունքներով։ Ալիեւն ամբողջությամբ անտեսում է այլ հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը։
Նա նաեւ նախկինի պես անտեսում է գերեվարված հայերի առկայությունը։ Ամբողջ հակամարտությունը ոտքից գլուխ շրջելով, անտեսելով հայերի իրավունքները եւ լռելով Արցախի մի մասի օկուպացիայի եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու մասին՝ Ալիեւը հայտարարում է, որ «տրանսպորտային կապերի բացումը մեծ տնտեսական հեռանկարներ է խոստանում մեր տարածաշրջանին»:





























