ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույցում պատմել է, որ ռուս զինվորականներն ամեն ինչ անում են Հնդկաստանի քաղաքացիներին Ուկրաինայի Սումի քաղաքից տարհանելու համար։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Խարկովում արմատականների մոտ պահվող հնդիկ ուսանողներին հաջողվել է լքել քաղաքը միայն Կիեւի իշխանությունների վրա միջազգային ուժեղ ճնշման արդյունքում։ Ռուս զինծառայողները գործադրում են բոլոր ջանքերը՝ ապահովելու Հնդկաստանի քաղաքացիների տարհանումը Սումի քաղաքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մոդին «երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ իր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու նպատակով ձեռնարկված միջոցների համար»։

Կրեմլի մամուլի ծառայությունը նշում է, որ Մոդին ասել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։     

Պուտինը նշել է, որ ուկրաինացի ազգայնականները շարունակում են կանխել վտանգավոր տարածքներից խաղաղ բնակիչների դուրսբերումը։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հնդկաստանի վարչապետին, որ հաշվի առնելով հումանիտար իրավիճակի սրումը՝ Ռուսաստանի Զինված ուժերն այսօր հայտարարել են լռության ռեժիմ սահմանելու եւ հումանիտար միջանցքներ բացելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։