ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լիտվային վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմ, հաղորդում է AP-ը։
«Մենք ամրապնդում ենք մեր ընդհանուր պաշտպանությունը, որպեսզի մենք եւ մեր դաշնակիցները պատրաստ լինենք»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հակվածությունը ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության մասին պակտին «անձեռնմխելի է»։
«Մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմ, եթե նա հարձակման ենթարկվի»,- ասել է Բլինքենը՝ նշելով, որ «ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի ԱՄՆ-ի վճռականությունը»։
Բլինքենն սկսել է Բալթյան երկրներ իր ուղեւորությունը։ «Ցավոք, Բալթյան տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացումը մեծ մտահոգություն է առաջացնում մեր բոլորի եւ ամբողջ աշխարհի մոտ»,- ասել է Բլինքենը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանը։
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անմիտ ագրեսիան եւս մեկ անգամ ապացուցում է, որ նա երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում մեր դաշինքի եւ եվրոպական անվտանգությանը»,- հավելել է նա։
Նաուսեդան, իր հերթին, նշել է, որ զսպման քաղաքականությունն արդեն բավարար չէ, եւ պետք է «առաջնագծային պաշտպանություն»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կանգ չի առնի Ուկրաինայում, եթե նրան չկանգնեցնեն»։
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը կոչ է արել կտրուկ ավելացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Նա նաեւ կոչ է արել անհապաղ դադարեցնել ռուսական էներգառեսուրսների ներմուծումը։ «Մենք չենք կարող նավթի եւ գազի համար վճարել ուկրաինական արյամբ»,- ասել է նա։
Բլինեքնն ասել է, որ Ուկրաինայում իրավիճակը կապ ունի Լիտվայի իրավիճակի հետ՝ կապված Թայվանի հարցով նրա դիրքորոշման հետ։ «Յուրաքանչյուր ազգ ազատ է՝ միավորվելու նրա հետ, ում հետ ուզում է միավորվել»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Լիտվային։
Ավելի ուշ Բլինքենը կմեկնի Ռիգա, որտեղ կհանդիպի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։





























