ԵՄ-ն համաձայնել է սկսել անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հայտերի դիտարկումը։ 27 անդամ երկրների որոշումն առաջին քայլն է անդամակցության մասին որոշում ընդունելու բարդ գործընթացում, որը կարող է տարիներ տեւել, հաղորդում է AFP-ը։

ԵՄ դեսպանները համաձայնել են Եվրահանձնաժողովից «կարծիք» խնդրել երեք երկրների դիմումների վերաբերյալ։

Գործադիր իշխանությանը կարող են տարիներ պահանջվել՝ կարծիքը հայտնելու համար, իսկ դրանից հետո անդամ երկրները պետք է միաձայն համաձայնեն, որ դիմորդը պաշտոնապես դառնա «թեկնածու»։ Այնուհետեւ սկսվում է քրտնաջան բարեփոխումների եւ բանակցությունների գործընթացը, որը սովորաբար տեւում է առնվազն տասը տարի:

ԵՄ առաջնորդները մտադիր են հայտերը քննարկել այս շաբաթ ուկրաինական ճգնաժամին նվիրված Ֆրանսիայում կայանալիք գագաթաժողովի շրջանակում։