Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է լրացուցիչ զորքեր եւ ռազմական միջոցներ տեղակայել Եվրոպայի տարբեր մասերում՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում հետագայում ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցներին աջակցելու համար, հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացնում է CNN-ը:

Պաշտոնյայի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը ընդհանուր առմամբ 500 զինծառայող կուղարկի։ Տեղակայումը կներառի KC-135 լիցքավորող ինքնաթիռների ուղարկումը Հունաստան, սակայն նա չի նշել, թե քանի ինքնաթիռ կուղարկվի կամ որտեղից:

Օդային աջակցության օպերատիվ կենտրոնը կտեղակայվի Լեհաստանում եւ Ռումինիայում, իսկ հրետանային վաշտն ու վերանորոգման վաշտը՝ Գերմանիայում, ասել է պաշտոնյան։

Հրետանային եւ վերանորոգման վաշտերը Գերմանիայում «հավելյալ նյութատեխնիկական աջակցություն կցուցաբերեն 3-րդ հետեւակային դիվիզիայի 1-ին զրահատանկային բրիգադի մարտական խմբին», որն արդեն տեղակայված է այնտեղ։

Պաշտոնյայի խոսքով՝ այս լրացուցիչ տեղակայման շնորհիվ ներկայումս Եվրոպայում են գտնվում մոտ 100 000 ամերիկացի զինծառայողներ՝ ռոտացիոն կամ մշտական սկզբունքով: