ՆԱՏՕ-ն առաջ չի տանի Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտու ստեղծման հարցը։ Այս մասին հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։

«Հիմա մեր նպատակը պատերազմը փաստացի դադարեցնելն է։ Մենք չենք ուզում ընդլայնել այս հակամարտությունը Ուկրաինայի սահմաններից դուրս, ուստի ՆԱՏՕ-ի հավաքական ազդանշանը հիմա այն է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ առաջ գնալ ոչ թռիչքային գոտու հարցում»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Սմիթը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամները քայլեր են ձեռնարկում՝ «Ուկրաինային աջակցելու եւ նրա անվտանգության կարիքները իրական ժամանակում գնահատելու համար»:

Դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք լեհական կառավարության հետ քննարկում են ուկրաինացիներին աջակցելու համար Լեհաստանի կողմից խորհրդային «ՄիԳ-29» կործանիչներ ուղարկելու հնարավորությունը։ «Դա Լեհաստանի ինքնիշխան որոշումն է։ ԱՄՆ-ը նշել է, որ պատրաստ է քննարկել սրա հետ կապված որոշ հարցեր։ Բազմաթիվ բաց հարցեր կան ուկրաինացի օդաչուների թվի վերաբերյալ, թե իրականում ինչպես այդ ինքնաթիռները Լեհաստանից կտեղափոխվեն Ուկրաինա: Այս ամենը հիմա ուսումնասիրվում է»։