Ադրբեջանի նախագահի աշխատակազմին մոտ ԶԼՄ-ն մեղադրել է Ռուսաստանին Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության միտումնավոր գնդակոծման եւ մարդկության դեմ ծանրագույն ռազմական հանցագործությունների կատարման մեջ։

«Խարկովում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն, որը կոպտորեն խախտել է Ադրբեջանի պատվո հյուպատոսության աշխատակիցների՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով կոդիֆիկացված դիվանագիտական իմունիտետը։ Ուկրաինայի իշխանությունների վարկածով՝ ռուսական զորքերը շարունակում են աչքները փակ գնդակոծել քաղաքի քաղաքացիական բնակչությանը՝ ցանկալիին հասնելու նպատակով. զավթել անառիկ եւ անհնազանդ ռուսալեզու Խարկովը։ Ռուսական զորքերը հանուն ապազգայնականացման հասնելու, այսինքն՝ ժամանակակից նեոնացիզմի դրսեւորումների դեմ պայքարի, գնում են խարկովցիների, այսինքն՝ էթնիկ ռուսների դիակների վրայով։ Ռուսական իշխանությունների վարկածը լիովին հակասում է ուկրաինականին։ Կրեմլը եւ Շոյգուի գերատեսչությունը հերքում են Կիեւին՝ հավաստիացնելով համաշխարհային հանրությանը, որ «բանդերականները» նենգ մտահղացում են իրականացնում։ Մոսկվան մեղադրում է Ուկրաինայի ԶՈւ-ին եւ «նացիոնալիստական գումարտակներին» այն բանում, որ նրանք թաքնվում են խաղաղ բնակիչների թիկունքում եւ քաղաքացիական թաղամասերն օգտագործում են որպես կենդանի վահան ազատագրական ռուսական բանակի դեմ պատերազմում։ Եվ, իբր, այդ պատճառով Մոսկվան ստիպված է թիրախային կրակով խոցել վարչական շենքերն ու բնակելի թաղամասերը, որոնցում թաքնվել են «ֆաշիստները»։ Ադրբեջանի հյուպատոսության շենքի գնդակոծման դեպքում ուկրաինական իշխանությունների վարկածը մեզ չի հետաքրքրում։ Քանի որ ցանկացած պարագայում գնդակոծությունը բացել են ոչ թե ուկրաինացիները, այլ ռուսները։ Նշանակում է՝ նրանցից էլ պետք է հարցնենք»,- գրում է haqqin.az-ը։

«Հետեւելով Ադրբեջանին բարեկամ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տրամաբանությանը՝ կարելի է գալ տխուր եզրահանգման. ռուսական հրետանին թիրախային կրակով խոցել է Ադրբեջանի հյուպատոսությունը հետախուզական տվյալների հիման վրա։ Չէ՞ որ ռուսաստանցի զինվորները աչքները փակ չեն կրակում քաղաքացիական օբյեկտների վրա։ Բայց այդ դեպքում հարց է ծագում. մի՞թե Ադրբեջանի հյուպատոսությունում «բանդերականներ եւ ֆաշիստներ» էին խրամատավորվել»։ Բավական կասկածելի է, որ Ռուսաստանին բարեկամ Ադրբեջանը կարող էր իր դիվանագիտական ներկայացուցչությունում տեղակայել «բանդերականների» հրաձգային դասակ կամ հրետանային մարտկոց, այդպես չէ՞։ Նույնքան կասկածելի է ադրբեջանցի դիվանագետների մեքենաներում «բանդերական ռադիստների» գտնվելու մասին վարկածը։

Բավական կասկածելի է նաեւ այն, որ «ֆաշիստները» կարող էին տեղակայվել Խարկովում հարգված պատվո հյուպատոս Աֆղան Սալմանովի նստավայրի շուրջ։ Ելնելով ռուսական ռազմական քարոզչության տրամաբանությունից՝ պետք է հարցը շեշտակի դնել. ո՞վ եւ ինչո՞ւ է հրետակոծության ենթարկել Ադրբեջանի հյուպատոսությունը։ Եվ ի՞նչ նպատակով։ 

Մի՞թե հյուպատոսի ավտոմեքենայում «բանդերական կապավորուհի» կար։  Եթե Ռուսաստանի իշխանությունները Աֆղան Սալմանովին «բանդերական ու ֆաշիստ» են համարում, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ն եւ պաշտպանության նախարարությունը պետք է ադրբեջանական կողմին անհերքելի ապացույցներ ներկայացնեն, որ հյուպատոսը համագործակցել է «նացիոնալիստական ջոկատների» հետ։ Կամ էլ ապացուցեն, որ ուկրաինական զորքերը գտնվել են հյուպատոսության մոտ։ Այդպես չէ՞։ Եթե այդ փաստերը չկան, իսկ դրանք իրոք չկան, ստացվում է, որ ռուսական զորքերը դիվանագիտական ներկայացուցչությունը եւ դիվանագետների ավտոմեքենաները գնդակոծել են միտումնավո՞ր։ Եվ դրանով իսկ Ռուսաստանը խախտել է դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիության ապահովման ստանձնած պարտավորությունները։ Բայց չէ՞ որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ անգամ ամենադաժան մարտական գործողությունները չեն արդարացնում դիվանագետների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիության դեմ ոտնձգությունները։

Բելգրադում 1999թ. ՆԱՏՕ-ի դաժան մարտական գործողությունների ժամանակ ամերիկացիները «պատահաբար» գերճշգրիտ ռումբ էին նետել Չինաստանի դեսպանության վրա։ «Պատահական ռումբը» խլել էր չինացի լրագրողների կյանքը եւ ավերել դիվանագիտական ներկայացուցչության շենքը։ Իհարկե, ամեն կերպ արդարանալով՝ ՆԱՏՕ-ն փորձեց բացատրել իր ճակատագրական սխալը ԿՀՎ սպաների ոչ ճիշտ հաշվարկներով. Չինաստանի դեսպանությունից ոչ հեռու  գտնվում էր Սպառազինությունների մատակարարման վարչության շենքը։ Եվ, իբր, ամերիկացիները գործել էին քաղաքի հին քարտեզներով։ Բայց ԱՄՆ-ի կառավարությունը ՆԱՏՕ-ի հրամանատարության հետ միասին պաշտոնական ներողություն խնդրեց Չինաստանի կառավարությունից եւ 4,5 մլն դոլարի փոխհատուցում վճարեց։ Գնդակոծությանը մասնակցած սպաները լուրջ պատիժներ կրեցին։

Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պետք է հստակություն մտցնի. ի՞նչ նպատակով են գնդակոծվել Ադրբեջանի պատվո հյուպատոսությունը եւ դիվանագետների ավտոմեքենաները Խարկովում։ Բայց դրա համար ռուսական ռազմական հրամանատարությունը պարտավոր է ծառայողական հետաքննություն իրականացնել։ Իսկ եթե դա տեղի չունենա եւ Ռուսաստանը չարձագանքի ադրբեջանական հասարակության խոր մտահոգությանը, ապա ստիպված կլինենք հավատալ ուկրաինական իշխանությունների վարկածին միջազգային հումանիտար իրավունքի համատարած խախտման եւ Վիեննայի կոնվենցիայի պահանջների միտումնավոր չկատարման մասին։ Նշանակում է՝ կրակում են միտումնավոր։ Եվ ոչ միայն խարկովցիների տների, այլ նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա։ Ինչը մտածել է տալիս ծանրագույն ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կատարման մասին։ Ռուսական մունդիրի պատվի հարցն է դրված...»,- գրել է պարբերականը։