Բուենոս Այրեսի 125-րդ Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով, հուլիսի 19-ից 24-ին Արգենտինայի մայրաքաղաքում էր գտնվում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Հայաստանի գյուղնախարարը հանդիպումներ է ունեցել միջոցառման կազմակերպիչների, ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների, գյուղատնտեսության ոլորտում աշխատող արգենտինացի գործընկերների հետ:
Գործնական եւ արդյունավետ էին Սերգո Կարապետյանի հանդիպումները Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության եւ ձկնորսության նախարարի առաջին տեղակալ Լորենսո Բասսոի հետ, որն այդ պահին փոխարինում էր Չինաստանում այցով գտնվող գյուղնախարար Խուլիան Դոմինգեսին: Երկօրյա քննարկումների արդյունքում, որոնց մասնակցում էին նաեւ Արգենտինայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ու Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության եւ ձկնորսության նախարարության միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր համագործակցության մասին: Նախարար Սերգո Կարապետյանը եւ փոխնախարար Լորենսո Բասսոն համաձայնել են, որ Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության եւ ձկնորսության նախարար Խուլիան Դոմինգեսի գլխավորած պատվիրակությունը ս.թ. սեպտեմբերին կայցելի Հայաստան:
Բուենոս Այրեսի 125-րդ Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար` հաշվի առնելով Արգենտինայի զգալի առաջընթացը ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության, խաղողագործության, անասնաբուծության, ձկնաբուծության բնագավառներում եւ կարեւոր խթան կհանդիսանան երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում:
Արգենտինայի մայրաքաղաքում նախարար Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել նաեւ արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության վիճակը, պատասխանել սփյուռքահայերին հուզող բազմաթիվ հարցերին:




























