Իսրայելի նվագախումբը որոշել է խախտել թաբուն եւ Գերմանիայում փառատոնի շրջանակներում կատարել Ռիխարդ Վագների ստեղծագործությունները, ով Ադոլֆ Հիտլերի սիրելի կոմպոզիտորն էր, հաղորդում է «Ասսոշիեյթեդ Փրես»-ը:
Ռիխարդ Վագների հարազատ քաղաք Բայերութում Իսրայելի կամերային նվագախմբի համերգը կլինի առաջին դեպքը, երբ նվագախումբը կկատարի Վագների ստեղծագործությունները, հաղորդել է Բայերութի մշակույթի դեպարտամնետի ղեկավար Նիկոլա Վագները:
Քանի որ Իսրայելում Վագներին չեն ընդունում, նվագախումբը փորձերը կարողացել է սկսել միայն Գերմանիա ժամանելուց հետո: Կազմակերպիչների խոսքով, նվագախումբը կկատարի Վագների «Զիգֆրիդի հովվերգություն» ստեղծագործությունը:
Համերգը կսկսվի Իսրայելի հիմնի կատարումով, որից հետո կկատարվեն նաեւ մի շարք ստեղծագործություններ, որոնք արգելված էին Երրորդ Ռեյխում: Նվագախմբի դիրիժորը Ռոբերտո Պատերնոստրոն է, ում մայրը կարողացել է Հոլոքոստի ընթացքում կենդանի մնալ: Պատերնոստրոն հայտնի կոմպոզիտորի ծոռնուհի Կատարինա Վագների ընկերն է, ով գլխավորում է փառատոնը:




























