ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն իրենց ռուս գործընկերների հրավերով հուլիսի 13-16-ին մասնակցել են Լիպեցկի շրջանում անցկացվող Համառուսական ազգային ֆրոնտի կազմում ընդգրկված երիտասարդական կազմակերպությունների դաշնային ֆորումին:

ՀՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության Երիտասարդական գվարդիայի հետ արդեն 5-ամյա համագործակցության շրջանակում:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները միջազգային պատվիրակների հետ հանդիպել են ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կ.Կոսաչյովի, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մ.Կրոտովի, ինչպես նաեւ հայտնի ռուս լրագրող եւ վերլուծաբան Մ.Շեւչենկոյի հետ: Հանդիպումների ժամանակ մասնակիցները հյուրերի հետ քննարկեցին միջազգային համագործակցության ոլորտում երիտասարդության մասնակցության կարեւորությանն առնչվող հարցերը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները պաշտոնապես հրավիրվել են որպես միջազգային դիտորդներ մասնակցելու Ռուսաստանում դեկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: