2011 թ. հնդկաձավարը կարող է էժանանալ 1.5-2 անգամ, ըստ «Ֆինմարկետի»` հայտարարել է Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Ալեքսանդր Կորբուտը:
Նշենք, որ հնդկաձավարը 2010 թ. ամենամեծ գնաճ դրսեւորած ապրանքատեսակն է` 1 տարվա ընթացքում գինը բարձրացել է 2.5-3 անգամ: Այսպես` 2010 թ. սկզբներին հնդկաձավարի 1 կգ-ը երեւանյան խանութներում վաճառվում էր 400-500 դրամով, իսկ օգոստոսից` արդեն 1000-1100 դրամով: Հուլիսի 25-ի դրությամբ NEWS.am-ի հարցումները երեւանյան խանութներում ցույց տվեցին, որ հնդկաձավար կարելի է գնել նվազագույնը կգ-ը 1000 դրամով, իսկ մաքրած հնդկաձավարը` 1400 դրամով:
Սակայն, ըստ Կորբուտի, սպասվում է, որ Ռուսաստանում հնդկաձավարի մթերման գները կնվազեն առնվազն 1.5 անգամ, հետեւաբար` կնվազեն նաեւ մանրածախ գները:
Ռուսական աղբյուրների համաձայն` հնդկաձավարի 1 տոննայի մեծածախ գինը 2011 թ. մարտին կազմում էր 80 հազ. ռուբլի (1 մլն դրամ, այսինքն` 1 կգ-ը 1000 դրամ), այնինչ 2009-ին այն ընդամենը 13 հազ. ռուբլի էր (մոտ 170 հազ. դրամ, կամ 1 կգ-ը` 170 դրամ):
Նշենք, որ հնդկաձավարի հիմնական բերքահավաքը Ռուսաստանում սկսում է օգոստոսին: Հայաստանը հնդկաձավար ներմուծում է Ռուսաստանից եւ Ուկրաինայից:



























