Մոսկվայի Տվերի դատարանը կդիտարկի 2010 թվականի դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների մասին գործը:

Քրեական պատասխանատվության են ենթարկվել Բելառուսի քաղաքացի, «Դրուգայա Ռոսիա» շարժման ակտիվիստ, «Ստրատեգիա 31» շարժման մասնակից Իգոր Բերեզյուկը, «Դրուգայա Ռոսիա»-ի ակտիվիստներ Կիրել Ինչուկը եւ Ռուսլան Խուբաեւը, ինչպես նաեւ Լեոնիդ Պանինը եւ Ալեքսանդր Կոզեւինը: Քննության միջնորդությամբ դատարանը նրանց հանդեպ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Նրանց մեղադրում են մի քանի հոդվածով, որոնց թվում են «զանգվածային անկարգությունների կոչեր հնչեցնելը», «ատելության կամ թշնամության գրգռում», «իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության գործադրում»:

Հիշեցնենք, որ Մանեժնայա հրապարակում ռուս ազգայնականների կողմից զանգվածային անկարգությունների համար առիթ էր դարձել հյուսիսկովկասցու կողմից «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունը: