ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը այս շաբաթ Լեհաստան կատարելիք իր այցի ընթացքում Ուկրաինային խորհրդային կործանիչներ մատակարարելու բարդ հարցը կքննարկի, հայտարարել են վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները։
Հարիսի գործը բարդացավ այն բանից հետո, երբ Լեհաստանը իր «ՄիԳ-29» կործանիչները ԱՄՆ-ին, այլ ոչ թե ուղիղ Ուկրաինային փոխանցելու անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ: Այս գաղափարը կտրականապես մերժվեց Վաշինգտոնի կողմից։
«Սեղանին շատ գաղափարներ կան: Ինչպես հասկանում եք Պենտագոնի հայտարարությունից, մենք կարծում ենք, որ այս պնդումն անիրականանալի է, բայց մենք ցանկանում ենք եւ, անշուշտ, խրախուսում ենք, որ բոլոր դաշնակիցները գաղափարներ առաջ քաշեն, որպեսզի մենք բոլոր ուղղություններով շատ սերտ համակարգման մեջ մնանք»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է CNN-ը:
Նրա խոսքով՝ հինգշաբթի օրը Վարշավայում Հարիսն այդ հարցը կքննարկի լեհ առաջնորդների, այդ թվում՝ նախագահի եւ վարչապետի հետ:
«Մենք երկար ժամանակ երկխոսության մեջ ենք լեհերի հետ, թե ինչպես լավագույնս համապարփակ օգնություն ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում: Եվ այդ երկխոսությունը կշարունակվի փոխնախագահի այցից առաջ եւ ընթացքում»,- ասել է պաշտոնյան։
Վարշավայում Հարիսը կհանդիպի նաեւ փախստականների, ինչպես նաեւ ԱՄՆ դիվանագետների հետ, որոնք Լեհաստան են տեղափոխվել Կիեւում ԱՄՆ դեսպանատնից։
Նա նաեւ կհանդիպի այնտեղ այցով գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ եւ ուրբաթ օրը կխոսի ամերիկացի ու լեհաստանցի զինվորականների հետ:
ԱՄՆ-ը լրացուցիչ մոտ 5000 զինծառայող է տեղակայել Լեհաստանում։
Լեհաստանից Հարիսը կմեկնի Ռումինիա, որտեղ կհանդիպի երկրի նախագահի եւ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ։




























