Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 9-ի առավոտյան այցելել է Փարիզի արվարձաններից՝ Մոնֆոր Լամորի քաղաքի գերեզմանատուն, որտեղ ամփոփված է աշխարհահռչակ հայազգի շանսոյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի աճյունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի պաշտոնական կայքից, Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել շանսոնյեյի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Վարչապետին ուղեկցել են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը եւ կառավարական պատվիրակության այլ պաշտոնատար անձինք:











