Շիրակի մարզի  Արթիկ քաղաքում կայացել է Մարդկանց անվտանգության եւ փրկության թեմայով «Լավագույնն ըստ մասնագիտության» մրցանակաբաշխությունը: «Լավագույն հրշեջ փրկարար», «Լավագույն պահակախմբի հերթափոխի պետ», եւ «Լավագույն փրկարար» անվանակարգերում հաղթողներին մրցանակներ են հանձնվել: Լավագույն փրկարար ջոկատ է  ճանաչվել Արթիկի փրկարարական ջոկատը, լավագույն հերթափոխի պետ Կարեն Հովհաննիսյանը, իսկ լավագույն հրշեջ փրկարար` Աղասի Ղազոյանը:

Պարգեւատրման արարողությունը կայացել է Արթիկի քաղաքապետարանում: «Նման միջոցառումների անցկացումը կարեւորվում է նրանով, որ հնարավորություն է ստեղծվում պատրաստվել նաեւ գործնական առումով: Հանրապետությունը ապահովագրված չէ բնական աղետներից, հատկապես այս շրջանում», -միջոցառումը կարեւորել է ԱԻՆ Շիրակի մարզային փրկարար վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:

Մրցանակաբաշխությունից հետո Արթիկի փրկարարական ջոկատի պետ Մնացական Քոչարյանը խոսել է նաեւ խնդիրներից: «Ունենք ինչպես նյութատեխնիկական բազայի, այնպես էլ մասնագետների պակաս: Վերջին տարիներին աշխատակազմը համալրելու ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են, սակայն դա հարցի լուծում չէ»,-ասել է նա: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի խոսքով, այդ մասին տեղյակ են արտակարգ իրավիճակների նախարարությունում: Փրկարարները կանչ ստանալուց հետո, 1-2 րոպեի ընթացքում պարտավոր են արձագանքել քաղաքացու ահազանգին: Իհարկե սա չգրված օրենք է, լինում են դեպքեր, երբ փրկարարները հասնում են նաեւ ուշացած:

Նշենք, որ Արթիկ քաղաքում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 54 արտակարգ պատահար: Թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աճել է: Քաղաքին հատկապես զգալի նյութական վնասներ են հասցրել սելավաջրերը: Հարցը քաղաքային բյուջեյով լուծել անհնար է համարել Արթիկի փոխքաղաքապետն  ու  անհրաժեշտ է համարում պետական մակարդակի աջակցություն: Այս մասին քաղաքային իշխանությունները տեղյակ են պահել նաեւ երկրի վարչապետին, օրերս Արթիկ կատարած այցելության ժամանակ: Հիմա սպասում են կառավարության արձագանքին: