Ավստրալիան մինչեւ 2040թ․ մոտ 28 մլրդ դոլար կհատկացնի իր գործող զինվորական անձնակազմը մեկ երրորդով ավելացնելու համար, որպեսզի ապահովի երկրի անվտանգությունը «համաշխարհային ավելի ու ավելի անորոշ միջավայրում», ասել է վարչապետ Սքոթ Մորիսոնը, հայտնում է Reuters-ը:
Վերջին տարիներին Ավստրալիան ավելացնում է իր պաշտպանական ծախսերը։ Անցյալ տարի երկիրը միջուկային սուզանավերի գնման գործարք է կնքել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ:
Պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնն ասել է, որ կարեւոր է լրացնել Ավստրալիայի պաշտպանական հնարավորությունները՝ նրան դարձնելով «հուսալի գործընկեր» ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի համար: «Եթե մենք ցանկանում ենք ապավինել նրանց, նրանք պետք է ապավինեն մեզ»,- ասել է Դաթոնը լրագրողներին:
Անցյալ շաբաթ Quad-ի առաջնորդները՝ ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ավստրալիան եւ Ճապոնիան, պայմանավորվել են, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի հետ, չի կարելի թույլ տալ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Թայվանի հետ կապված մտավախությունների պատճառով:
«Եթե մարդիկ կարծում են, որ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հավակնությունները սահմանափակվում են միայն Թայվանով, եւ որ շղթայական ռեակցիա չի լինի, եթե մենք չապահովենք զսպող ազդեցություն եւ սերտորեն չաշխատենք մեր գործընկերների եւ մեր դաշնակիցների հետ, ապա նրանք չեն հասկանում պատմության դասերը»,- ասել է Դաթոնը՝ չնշելով որեւէ երկիր։





























