Վրաստանի կրթական ոլորտում ընթացող փոփոխություններին ծանոթանալու համար Վրաստան է ժամանել ադրբեջանցիների պատվիրակությունը, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Նրանց դիմավորել է Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինը եւ անձամբ ներկայացրել կրթական համակարգում իրականացրած եւ ընթացիկ նոր ծրագրերը`chat-ի միջոցով քննությունների հանձնումը, առաջին դասարանցիներին netbook-երի բաժանումը, օտար լեզվի խորացված ուսուցումը, ինչպես նաեւ բարձրագույն եւ պրոֆեսիոնալ կրթական այլ ծրագրեր:
Ինչպես գործակալությանը հայտնել է Վրաստանի ԿԳ նախարարությունը, Ադրբեջանի պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ոչ միայն ԿԳ նախարարության, այլեւ նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում ծրագրված է նաեւ ծանոթանալ այն կրթական ծրագրերի հետ, որոնք իրականացվում են բարձրագույն կրթության ոլորտում:
Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, Վրաստանի եւ Ադրբեջանի ԿԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել էր ադրբեջանական կողմի Վրաստան այցելելու եւ կրթական ոլորտի փոփոխությունների հետ ծանոթանալու հարցը:



























