Մոսկվան տրամադրված է լուրջ երկխոսության Կիեւի հետ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովի խոսքով՝ Անթալիայում կայացած հանդիպումը չի փոխարինում Բելառուսում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հիմնական շփումներին։ «Մենք ցանկանում ենք լուրջ խոսակցություններ վարել բելառուսական հարթակում, չսահմանափակվել որոշ ոչ պաշտոնական փաստաթղթերով, պայմանավորվել այն հարցերի շուրջ, որոնք ընդհանուր ճանաչմամբ պետք է լուծվեն ուկրաինական ճգնաժամի համապարփակ կարգավորման համատեքստում», ասել է նախարարը։
Նա նշել է, որ Ռուսաստանն Ուկրաինային ներկայացրել է կարգավորման կոնկրետ առաջարկներ։ Լավրովն ասել է, որ Ուկրաինան ընդունել է հակամարտության կարգավորման ռուսական նախագիծը եւ պետք է պատասխան տա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հաստատել է, որ Ուկրաինայում ամենօրյա մարդասիրական միջանցքներ բացելու Մոսկվայի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ։ «Այսօր մենք հիմնականում խոսել ենք մեր թուրք ընկերների նախաձեռնությամբ մարդասիրական հարցերի շուրջ։ Մենք բացատրել ենք, թե ինչ միջոցներ են ձեռնարկում մեր զինվորականները, որպեսզի օգնեն մեղմել քաղաքացիական անձանց վիճակը, որոնք պատանդ են պահվում։ Նրանց որպես կենդանի վահան օգտագործում են թե՛ այսպես կոչված կամավորական գումարտակները, թե՛ այսպես կոչված տարածքային պաշտպանության ուժերը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։




























