Ադրբեջանը փորձում է զիջումներ ստանալ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ռուսաստանից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա նկատեց, որ Ադրբեջանում հռետորաբանության մակարդակով գործընթաց է սկսվել, որտեղ պարտադիր կարգով նույնիսկ պաշտոնական հայտարարություններում նշում են Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամանակավոր բնույթը։
Ոսկանյանը վստահեցրեց, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում՝ այն չլքելու նպատակով, քանի որ Արցախը Ռուսաստանի համար ամենակարեւոր աշխարհաքաղաքական կետն է։
«Հին աշխարհն այլեւս չկա, փոխվել է ողջ աշխարհաքաղաքականությունը, որն իր ազդեցությունը կունենա նաեւ մեր տարածաշրջանի վրա։ Հայաստանն ու Արցախը ոչ միայն պետք է տեղյակ լինեն զարգացումներից, այլեւ պատրաստ լինեն հնարավոր սցենարներին։
Ակնհայտ է, որ քաշային կարգերի տարբերությունը կլուծի ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ հօգուտ Ռուսաստանի։ Սա ամենահավանական սցենարն է։ Աշխարհը թեւակոխել է անկայունության եւ տուրբուլենտության փուլ, որը ստեղծում է ե՛ւ հնարավորություններ, ե՛ւ մարտահրավերներ։
Մեզ համար հնարավորությունները պայմանավորված են ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններով։ Հայաստանը, Ռուսաստանի հետ համընկնող շահերի տեսանկյունից կարող է հնարավորություններ ստանալ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Քաղաքական հարթությունում դա պետք է վերաբերի անվտանգության ոլորտին, իսկ տնտեսական հարթությունում Հայաստանը կարող է դառնալ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանին աջակցելու լավագույն հարթակը։ Պետք է հաշվի առնել, որ նույն հնարավորությունները որոշ չափով ի հայտ եկան նաեւ մեր թշնամի երկրներում՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Եթե մենք չաշխատենք այս ուղղությամբ, ապա մեր թշնամիները կարող են օգտվել դրանից։
Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա դրանք կապված են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնք թշնամական քաղաքականություն են վարում։ Նրանք ռուս-ուկրաինական հակամարտությունում երկակի մոտեցումներ են կիրառում՝ վարելով խորամանկ արեւելյան քաղաքականություն։ Մի կողմից, նրանք դիմում են հակառուսական գործողությունների (ապահովում են «Բայրաքթարներ»-ով, ահաբեկիչների են ուղարկում Ուկրաինա), մյուս կողմից էլ՝ փորձում են օգտվել ստեղծված հնարավորություններից (Թուրքիան փորձում է կամուրջ հանդիսանալ Արեւմուտքի եւ Արեւմուտքի միջեւ, Ռուսաստանն ու Ադրբեջանը հերթական անգամ փորձում են զիջումների հասնել իրենց օգտին, ինչը հակասում է Հայաստանի եւ Արցախի շահերին)։
Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դրսեւորվում են քարոզչական, հոգեբանական ազդեցության եւ կոնկրետ գործողությունների հարթությունում, ադրբեջանցիները կրակում են հայերի վրա, խոսում են, իբր, խաղաղության դարաշրջանի մասին․․․Տեսե՞լ եք խաղաղության դարաշրջան, որտեղ հռետորաբանության մակարդակով այն կա, իսկ գործողությունների մակարդակով կրակում են։ Ծանր սպառազինության կիրառմամբ կրակում են Արցախում խաղաղ բնակչության վրա, վնասում գազատարը։ Այն փաստը, որ ադրբեջանական կողմն արդեն երկրորդ օրն է՝ թույլ չի տալիս գազատարը վերանորոգել, Բաքվի քաղաքականության ցուցիչն է։ Ցանկացած տուրբուլենտության պայմաններում ադրբեջանական կողմը փորձում է զիջումների հասնել ոչ միայն մեր, այլեւ միջազգային խաղացողների կողմից։ Բաքուն կարծում է, թե իր համար նոր հնարավորություններ են բացվել, եւ փորձում է օգտվել դրանցից»,- ընդգծեց Ոսկանյանը։





























