Հայաստանն ու Արցախը համատեղ սպառում են տարեկան 500-600 հազար տոննա հացահատիկ, որի 30 տոկոսը տրամադրում էր Արցախը մինչեւ 44-օրյա պատերազմը։ Քանի որ Արցախում հացահատիկի նախկին ծավալներն աճեցնելու հնարավորություններ չկան, այսօր մենք 99 տոկոսով կախված ենք Ռուսաստանից։ Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Կատարվեց այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ Ռուսաստանի կողմից հացահատիկի արտահանման սահմանափակումը։ Իսկ հիմա հարց իշխանություններին՝ ի՞նչ պաշարներ ունենք։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը այս խնդրի լուծման համար։ Մենք ԵԱՏՄ-ում ենք։ Այն 500-600 հազար տոննան, որ մենք սպառում ենք, նույնիսկ ներկայիս պայմաններում աննշան քանակություն է Ռուսաստանի համար։ Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն Ռուսաստանին եւ ստանան հացահատիկի անհրաժեշտ ծավալները»,- ասաց նա։
«Այսօր մենք մեծ կախվածություն ունենք Ռուսաստանից»,- հայտարարեց Հակոբյանը։
Պատգամավորը քաղաքացիներին հորդորեց խուճապի չմատնվել եւ շատ սնունդ չգնել, քանի որ խուճապը կբերի ավելի վատ սցենարների։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ժամանակավոր արգելել է հացահատիկի արտահանումը երրորդ երկրներ։











