Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնն իր Telegram-ալիքում կոչ է արել հանրապետության իշխանություններին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից դասեր քաղել:

Դոդոնը կոչ է արել Մոլդովայի իշխանություններին երկխոսության միջոցով գտնել երկրի տարածքային վերաինտեգրման բանաձեւը չեզոքության հիման վրա եւ հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակը կարող է ստեղծել իրական նախադրյալներ այդ փոխզիջմանը հասնելու համար: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Մոլդովայի խորհրդարանի ընդունած՝ հանրապետության մշտական չեզոքության  մասին օրենքը լավ ազդանշան էր բոլորի համար:

Քաղաքական գործիչը նաեւ դատապարտել է Քիշնեւի դիմումը ԵՄ կազմում ընդգրկվելու մասին, որն ավելի վաղ ներկայացրել էր Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն: Նրա կարծիքով՝ այդ արարքն իշխող կուսակցության «PR-քայլն» է:

«Մենք արդեն տեսել ենք՝ ինչպես էին 2010 թվականին եվրաինտեգրման ջատագովները խոստանում քաղաքացիներին առագ ինտեգրում ԵՄ-ում, սակայն դա ապարդյուն էր: Այդպես կլինի նաեւ այս անգամ»,-կանխատեսել է Դոդոնը:

Մայա Սանդուն ԵՄ-ում Մոլդովայի ընդգրկման մասին դիմումը ստորագրել էր մարտի 3-ին, որից հետո հայտարարել, որ Մոլդովայի իշխանությունները կդիտարկեն ԱՊՀ կազմից երկրի դուրս գալու մասին հարցը, երբ Քիշնեւը բավականաչափ առաջընթաց գրանցի ԵՄ-ին անդամակցելու գործում:

Դոդոնը նախազգուշացրել է Մոլդովային ԱՊՀ կազմից դուրս գալու վերաբերյալ եւ մատնանշել հանրապետության տնտեսության եւ բնակչության համար այդ որոշման հետեւանքները: Նրա խոսքով՝ սահմանափակումներից են ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի գոտուց երկրի բացառումն ու Ռուսաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի չեղարկումը: