Իրանն ու Ադրբեջանը քննարկում են Իրանի տարածքով դեպի Նախիջեւան տարանցումը։

Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ իր այցի հիմնական նպատակն Իրանի տարածքով դեպի Նախիջեւան ադրբեջանական տարանցման քննարկումն է։ Նրա խոսքով՝ հույս կա, որ Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի 15-րդ նիստում երկու երկրները կստորագրեն համաձայնագրեր եւ փոխըմբռնման հուշագրեր։ «Ծրագրվում է, որ ադրբեջանական բեռնատարները կհատեն Իրանի տարածքը՝ դեպի Նախիջեւան տարանցման համար»,- ասել է նա, հաղորդում է Mehr-ը։

Նա նաեւ նախատեսում է ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարել Նախիջեւան-Մեշխեդ գնացքի վերագործարկման շուրջ։ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում համագործակցության բարելավումը եւ Նախիջեւան-Մեշխեդ-Նախիջեւան ուղեւորատար գնացքի վերագործարկումը նույնպես կլինեն երկու երկրների պաշտոնյաների քննարկման հիմնական թեման: