Եվրամիությունը պատրաստվում է մայիսի կեսերին առաջարկներ ներկայացնել 2027 թվականին ռուսական էներգակիրներից կախվածությունից ազատվելու շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Մայիսի կեսերին մենք առաջարկներ կներկայացնենք ռուսական գազից, նավթից ու ածխից 2027 թվականին աստիճանաբար հրաժարվելու շուրջ»,-ասել է ֆոն դեր Լյայենը Վերսալում Ուկրաինայի հարցի շուրջ ԵՄ առաջնորդների գագաթաժողովից հետո ելույթ ունենալիս:

Նա նաեւ հավելել է, որ մարտի վերջում հանձնաժողովը կներկայացնի էլեկտրաէներգիայի ու գազի գների բարձրացման ազդեցությունը մեղմելու տարբերակները, եւ ԵՄ-ն պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի ծրագիր հաջորդ ձմռան համար:

«Եվրամիությունը պետք է սահմանի գազի պահպանման ուղղությամբ ԵՄ-ի երկարաժամկետ քաղաքականությունը, եւ այդ պատճառով հանձնաժողովը առաջարկներ կներկայացնի առնվազն 90 տոկոսով հազի ստորգետնյա պահոցները մինչեւ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը լցնելու մասին»,-ասել է նա:

Այս շաբաթ ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ կկրճատի ռուսական գազի ներկրումը երկու երրորդով այս տարի եւ կվերացնի ռուսական գազի ու նավթի համընդհանուր պահանջարկը «մինչեւ 2030 թվականը»: