Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը եւ ԵՄ դրացիության եւ ընդլայնման գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին քննարկել են Եվրոպայում ադրբեջանական գազի մատակարարման ծավալները մեծացնելու հնարավորությունը:

Տեղական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությանը, հայտնել են, որ հանդիպումը տեղի է ունեցել Անթալյայում Դիվանագիտական ֆորումի շրջանակում:

«Շահբազովն ու Վարխելին քննարկել են Ադրբեջանի ու ԵՄ-ի միջեւ էներգետիկ երկխոսությունն ընդլայնելու, ինչպես նաեւ սպառման նոր շուկաների ուղղությամբ Հարավային գազային միջանցքով գազի մատակարարման ծավալները մեծացնելու հարցը»:

Նշվում է, որ կողմերը նաեւ պայմանավորվածություն են ձեռքբերել Եվրահանձնաժողովի եւ Արեւմտյան Բալկանյան երկրների հետ երկխոսությունը շարունակելու մասին այն հարցերի լուծման ուղղությամբ, որոնք կարող են ծագել Արեւմտյան Բալկաններում ադրբեջանական գազի հնարավոր մատակարարման գործում Հարավային գազային միջանցքն ընդլայնելու շրջանակում:

Ադրբեջնաը 2020թ. դեկտեմբերի 31-ին սկսել է Եվրոպային գազի մատակարարումը: 2021թ. դրա ծավալը կազմել է 8,2 միլիարդ խորանարդ մետր: